jueves, 16 de julio de 2015

ՄԱՅՐԻԿԻՍ




 ՄՈՐՍ ԿԱԹԻ ՀԱՄԸ                                                          


Մեր հացատան երդիկից, ծուխը էլ չի բարձրանում,
Լավաշի հոտ չի գալիս վաղուց էլ մեր տան բակից,
Թառմա չկա, ըստ որիս խաղողն էլ չի քաղցրանում,
Ու ոչ մեկը չի ուտում թափված թութը հատակից:

Մենք ենք արդյոք մեծացել, թե՞ժամանակն է ուրիշ,
Քանզի անցյալը ձգում, տանում է մեզ դեպի ետ,
Անցյալ՝ որը միշտ մնաց, ու դարձավ  մի քաղցր հուշ,
Ջահելություն որ գնաց, կորավ անդարձ ու անհետ:

Մեր հացատան երդիկի ծուխը վաղուց  է մարել,
Մորս թխած լավաշի  հոտն հասել է աստղերին,
Ժամանակը հավաքել ամեն ինչ իր հետ տարել,
Մորս կաթի համն է լոկ, սառել իմ պաղ շուրթերին:



     ՄԱՅԻԿԻՍ


Ոնց կուզենայի հոգնած ու տանջված դաշտից տուն գայի,
Նստեյի թթի ծառի տակ դրված մեր նստարանին,
Մայր իմ դուրս գայիր ու ինձ ասեյիր,- բալես տուն արի,
Դաշտից ես եկել ներս մտիր մեջքիդ չխփի քամին:

Նստեյի կողքիդ շոեյի ձեռքդ հողից կոշտացած,
Ամուր գրկեյի, կրծքիս սեղմեյի հոգնած  ուսերդ,
Քեզ հետ կիսվեյի ու քեզ պատմեյի օրերս անցած,
Ու հասկանայի ինչքան խորունկ է մայրական սերդ:

Հիմա էլ չկաս, էլ չեմ լսելու ձայնդ քնքշաբույր,
Հողից կոշտացած քնքույշ ձեռքերդ բաժին է հողի,
Իմ Մայր, իմ Աստված, իմ կյանքի միյակ կենարար աղբյուր,
Ծառան կդառնամ՝ քո ապրած կյանքը հիշող հարգողի:




                     ԵՐԱԶ


Երազիս մեջ երազ տեսա, մայրս եկավ երազիս,
Տեր իմ Աստված հրաշք՞ է սա, թե ցանկությունն է սրտիս:
Նստեց կողքիս դեմքիս նայեց, բարեհամբույր ինձ ժպտաց,
-Բան չմնաց քեզնից բալես, քո եղածը ուր՞ գնաց:

Որ ճամփեքում անդարձ կորավ, ուժ ու կորովն իմ բալի,
Որ սևսիրտը խլեց տարավ որդուս սրտի բանալին,
Ինչ՞ են արել տարիները, ջահել- ջիվան  որդուս հետ,
Ուր՞ են անցած այն օրերը, ախ՜ երանի դառնան ետ:

Հիվանդ մարմնում՝ առողջ հոգին, անկոչ հյուր է իմացիր,
Ես իմ փորձից դա լավ գիտեմ,- ոչնչ բալես դիմացիր,
Միշտ բաց պահիր սրտիդ դուռը, անկեղծ ժպտա ամենքին,
Դու քո բարի մաքուր սրտով, դեռ պետք կգաս այս կյանքին:

Երազիս մեջ երազն անցավ,ես երազում մնացի,
Մորս ձայնը դեռ ականջիս, տխուր աչքերս բացի,
Զուր եմ փնտրում, ու հայացքով  զուր է նայում դես ու դեն,
Մայրս գնաց՝՝ ասածները սրտիս խորքում են  արդեն:



   ԿՅԱՆՔՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է

Ասում են կյանքը, դա արձակուրդ է՝
Ընկած ծնունդի ու մահվան միջև,
Ու ամեն մեկին՝ այդ արձակուրդը տրված է վերից,
Քո ապրած կյանքով պատասխան պիտի տաս Աստծո արջև,
Չի փրկի ոչ ոք, գործածդ մեղքից ու սխալներից:
Մենք ծնունդից եք հաշվում՞ կյանք կոչված այս երևույթը,
Երբ դեռ պտուղ ենք, անանուն, մի սեռ,անորոշ անկապ,
Հասունանում ենք,ոնց որ մրգերից  քամվում է հյութը,
Ու համ է տալիս անուշ բուրմունքով սրտերին պապակ:
Իսկ բեղմնավորման այն հրաշագեղ ինն ամիսները՝
Որ արգանդի մեջ մեզ մայր ծնողը նոր կյանք է տալիս,
Ասես ոչնչից մարդ է ստեղծում, տալիս իր սերը,
Որ ժամանակին՝ ինն ամիս հետո, աշխարհ ենք գալիս:
Ու ազատվում ենք այն մթությունից, այն սուրբ օջախից
Այն սրբությունից, այն բանտ թվացող զավակատնից,
Մեզ հավերժ պաշտպան իր սրտի զարկի զանգակատնից:
Պարզ է չենք մնա, քանզի մեզ սնող կաթնաբեր կրծքից
Գայթակղվելով, ուզում ենք փորձել համը այդ կաթի,
Ուզում ենք տեսնել մի նոր զգացմունքներ,սեր, վիշտ ու թախիծ
Որն ավաղ ոչ ոք էլ չի փարատի,հանուն հավատի:
Ասում են կյանքը դա արձակուրդ է, ծնունդից միչ մահ,
Ու ամեն մեկը իր արձակուրդը  յուրովի ապրում՝
Ու չենք մտածում, կյանքում կա միհրաշք  պահ,
Որ սրտիդ տրոփը՝ մորդ սրտի զարկով է պարպվում:


 ՄԱՅՐՍ ԳՐԿԱԾ ԶԱՎԱԿՆԵՐԻՍ


Մայրս գրկած զավակներիս այգու մեջ,
Նկարներից ինձ է նայում ժպտալով,
Այգին մեծ է, ունի սկիզբ, չունի վերջ,
Դիմացն առու ջուր է հոսում խայտալով:

Մորս գրկում զավակներս խնդերես,
Ու ժպիտ է իջել դեմքին մայրիկիս,
Ոնց կուզեյի գրկել նրանց մորս պես,
Ու նրա պես ժպիտ իջներ աչքերիս:

Ախ՜ էլ չկաս, զավակներս էլ են հեռու,
Լոկ նկարն եմ պահում աչքս լույսի պես,
Մի բան կա որ, և պարզ է և ակնառու,
Երկու սերեր իրար նման պարզապես:




 ՄԱՅՐ ԻՄ ՈՒՇ ԵԿԱ


Մայր իմ ուշ եկա, բայց՝ ոչ ուշացած,
Եկա կարոտիդ համբույրը առնեմ,
Զմայլված նայեմ դեմքիդ ծերացած,
Որդու իմ սերը, քո սիրուն խառնեմ:
Եկա որ առնես կարոտդ ինձնից,
Որ վերջին անգամ, -բալա ջան, ասես,
Քո օրհնանքը տաս բալեքիս ու ինձ,
Ու այրվող սրտիդ ցավը փարատես:
Եկա քեզ վերջին հրաժեշտս տամ,
Որ իմ ձեռքերով քեզ հանձնեմ հողին,
Որ սրտիդ վերջին տրոփը զգամ,
Սիրով  փարատեմ քո այրվող հոգին...
Սակայն ինչպես միշտ ուժեղ էիր դու,
Նույնիսկ հաղթեցիր մահվան վտանգին,
Ճանապարհեցիր քո ղարիբ որդուն,
Ու հանգիստ խղճով հանգեց քո հոգին:
Մայր իմ ինչքան է ինձ կյանք մնացել,
Այդ մասին գիտի լոկ Երկնայինը,
Այդ մի բուռ հողը ես չեմ մոռացել,
Ահա թե որն է իմ կյանքի գինը:


 ԻՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ


Հոգիս ցավում է՝ ինչ՞ անեմ մայրիկ,
Ինձ մի խորհուրդ տուր, ոնց բուժեմ վերքս,
Ցավը գալիս է, չի հարցնում տարիք,
Ասա ինչ՞ անեմ, ոնց քավեմ մեղքս:
Ես կողքիտ չէի երբ դու հեռացար,
Դու սպասեցիր մինչև ես մեկնեմ,
Ուժ գտար քո մեջ, տանջանքներ տեսար,
Դեմքիս ժպտացիր որ ես չհեգնեմ:
Երկար տարիներ օտարության մեջ,
Դեգերող սիրտս միշտ քեզ էր տենչում,
Ու լավ իմացիր կարոտդ անշեջ,
Սրտիդ մեղմ ձայնով ինձ տուն էր կանչում:
Գիտեմ թե կարոտն ինչպես է տանջում,
Ինչպես է մարդուն անում հալումաշ,
Քեզ հեռուներից իր մոտ է կանչում,
Ետևից գցած տանում քարշեքարշ:
Կարոտին չկա ոչ դեղ ոչ բուժում,
Լոկ ժամանակն է բթացնում նրան,
Մտիքդ թելերը ուղեղդ շարժում,
Մշուշ է իջնում աչքերիդ վրա:
Լացը աչքերիս լույսին է հասել,
Ցավն էլ ծվատում է հոգուս խորքը,
Մամ ջան մի բուռ հող եմ պարք մնացել,
Մի բուռ հող դարձած՝կգամ քո գիրկը:




 ՔՈ ԽԵՆԹՆ ԵՄ ՄԱՅՐԻԿ

Երբ օտարության ճամփան բռնեցի,
Ցավոտ ժպիտով հրաժեշտ տվիր,
Գիտեմ քեզ ինչքան ցավ պատճառեցի,
Մայր իմ քո խենթն եմ՝ խնդրում եմ ներիր:
Երկար տարիներ լուռ թափառելով,
Մարմինս դարձավ ցավերի պահոց,
Դարդս ներս գցած ընդմիշտ լռելով,
Հոգիս քարացավ դարձավ փակ ամրոց:
Տարիներ անցան, մայր իմ հյուր եկա,
Կարոտով ընկա գիրկդ մանկան պես,
Ծերացել էիր Ասվածն էր վկա,
Հոգիս լալիս էր երբ նայում էի քեզ:
Հետո մի քանի տարիներ անցան,
Նորից եկա քեզ գիրկս առնելու,
Քո ցավին չունեյի դեղ ու դարման,
Ու հոգիդ շուտով վեր էր հառնելու:
Ես էլ եմ փոխել վաղուց իմ հասցեն,
Ինձ հարազատ է քեզ բերող ճամփան,
Որն՞ է իմ տունը եթե հարցնեն,
Չեմ ասի ու լուռ քո գիրկը կգամ:


No hay comentarios:

Publicar un comentario